2013 թվականի ամռան սկիզբը կլինի տեխնոլոգիական և գործարար, քանի որ հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը` խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո:
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցներ, հաճախորդների կառավարման և սպասարկման, շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման նոր եղանակներ, տեխնոլոգիական միջոցներ կրթության, բժշկության, տրանսպորտի, էներգիայի, կոմունալ ծառայությունների բնագավառներում, նոր անվտանգության համակարգեր և այլ հետաքրքիր ու արդյունավետ լուծումներ կներկայացվեն ֆորումի երկու օրերի ընթացքում: Ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ և կլոր սեղաններ՝ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ, ինչպես նաև կանցկացվի ինովացիոն լուծումների ցուցահանդես:
Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար: