7 մայիսի 2013 - 21:32 AMT
Կառավարությունը երեք նոր անդամ կունենա. Փոխվեցին ֆինանսների, էկոնոմիկայի և սպորտի նախարարները

ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստն ավարտվել է: Նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն Ֆինանսների նախարար է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Միաձայն որոշմամբ առաջարկվել է կառավարության կառուցվածքային փոփոխություն իրականացնել և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին վերագրել նաև նախարարի ֆունկցիա:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Էկոնոմիկայի նախարար՝ միջազգային փորձագետ Վահրամ Ավանեսյանը։ Մյուս նախարարները վերանշանակվել են։ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ էկոնոմիայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը կլինի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում:

ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքն ու հետընտրական զարգացումները։