8 մայիսի 2013 - 14:33 AMT
Վահրամ Աթանեսյան. Այդ ադրբեջանցին պետք է ԼՂՀ քաղաքացիություն ընդունի, եթե ուզում է Ղարաբաղը տեսնել

«Շուշիի շրջանային գործադիր իշխանության ղեկավար», «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ» Բեյրամ Սաֆարովն այսօր դիմել է ԼՂՀ բնակիչներին`ասելով. «Մինչև 1992թ. ԼՂ-ում ապրող հայերը կարող են շարունակել այնտեղ ապրել: Իրավական տեսանկյունից նրանք այդ իրավունքը ունեն, քանի որ Ադրբեջանի քաղաքացիներ են հանդիսանում: Բայց դրա համար նրանք պաշտոնապես պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն»: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանա միասին ապրել «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ և հրաժարվում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, ադրբեջանցի չինովնիկն առաջարկել է հեռանալ ԼՂՀ տարածքից, «որովհետև իրենք վերադառնալու են»:

PanARMENIAN.Net-ի թղթակիցն այս հայտարարության մասին զրուցեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: «Եթե նման հայտարարություն աներ Ադրբեջանի նախագահը, Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը, կամ իրական այլ կառույցի ներկայացուցիչ, դեռ կարելի էր մեկնաբանել: Բայց ես չեմ մեկնաբանի գոյություն չունեցող կազմակերպության գոյություն չունեցող պաշտոնը զբաղեցնող մասնավոր անձի մասնավոր հայտարարությունը», - ասաց Վ. Աթանեսյանը:

Նա որոշեց ինքն էլ դիմել Բեյրամ Սաֆարովին.«Ես նրան միայն մի բան կարող եմ առաջարկել` այդ ինքը պետք է ԼՂՀ քաղաքացիություն ընդունի, եթե ցանկանում է Ղարաբաղը տեսնել, որովհետև միայն այդ դեպքում է դա հնարավոր»: