8 մայիսի 2013 - 15:39 AMT
«Հազարան բլբուլ» մանկապատանեկան փառատոնի առաջին գալա համերգը կկայանա Գյումրիում

Մայիսի 12-ին, ժամը 12:30-ին, Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի բացումը:

Բացման միջոցառմանը կհաջորդի «Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի 2-րդ փուլը, որը կընթանա 3 օրով: Արդյունքում՝ մրցույթ-փառատոնի հանձնաժողովը կընտրի 6 լավագույն ներկայացումները: Մրցույթ-փառատոնի հաղթող խմբերը հունիսի 1-ին և 5-ին հանդես կգան եզրափակիչ գալա համերգներով:

Նշենք, որ «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը անցկացվում է 2-րդ անգամ: Այս տարի մրցույթ-փառատոնը անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ:

2013թ. Գյումրի քաղաքը հայտարարված է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք, ուստի առաջին գալա համերգը կկայանա հունիսի 1-ին, ժամը` 17.00-ին, Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Երկրորդ գալա համերգը կկայանա հունիսի 5-ին, ժամը` 17.00-ին, Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: