8 մայիսի 2013 - 18:43 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղում հայերի կողմից չեչեններ չեն կռվել

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի հայտարարությունն այն մասին, որ չեչեն վարձկանները Ղարաբաղում կռվել են նաև հայերի կողմից, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ի տարբերություն Ադրբեջանի` ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել: Այս մասին նշված է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ընդհակառակը, հենց Ադրբեջանի իշխանություններն են Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծելով, օգտագործել վարձկաններ՝ ղարաբաղցի հայերի ռազմական ոգին կոտրելու համար: Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ 1992-1993 թվականներին ղարաբաղյան բանակի դեմ կռվել են մինչև երեք հազար աֆղան մոջահեդ և չեչենական ջոկատներ՝ Շամիլ Բասաևի գլխավորությամբ: 1992 թվականի հուլիսի սկզբին Լեռնային Ղարաբաղում արդեն հաշվվում էր մոտ 300 չեչեն վարձկան:

1993 թ. հուլիսին «Չեչեն պրես» գործակալությունը հաղորդել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում չեչենների մասնակցության մասին, ինչը հաստատվել է նրանց շրջանում գրանցված առաջին զոհերով: Զգալի կորուստներ կրելով՝ չեչենական ջոկատները շատ չանցած լքել են ռազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմը:

2000 թվականին ինքը՝ Բասաևը, հարցազրույց է տվել ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, որում խոստովանել է ղարաբաղյան պատերազմում իր մասնակցությունը. «Մենք եկել ենք Ղարաբաղի համար պայքարել ոչ թե հանուն ռազմավարի, այլ հանուն ջիհադի գաղափարի»: Սակայն, ինչպես պատմում էր Բասաևը, «տեղ հասնելով և իրավիճակին ծանոթանալով՝ մենք հասկացանք, որ այստեղ ջիհադի նշույլ անգամ չկա»:

«Financial Times» պարբերականը 2002 թվականին գրել է, որ, ըստ իր տվյալների, Լեռնային Ղարաբաղում կռվել է նաև դաշտային հրամանատար Հաթաբը: