15 դեկտեմբերի 2005 - 18:47 AMT
Վ.Օսկանյան. Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումները այսօրվա դրությամբ անիմաստ են
Հայկական կողմն Իրանի հետ իր հարաբերությունները դիտարկում է «զուտ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է պաշտոնական Երեւանը վերաբերվում Իրանի նախագահի` Հոլոքոստի փաստը կասկածի տակ առնող վերջին հայտարարություններին: «Մենք չենք մեկնաբանում երկկողմ հարաբերությունների շրջանակներից դուրս եկող հարցերը», - ասել է Հայաստանի ԱԳ նախարարը: Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունները` Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ շարունակում է անիմաստ համարել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները, եթե դրանք ուղղված չեն կոնկրետ արդյունքների հասնելուն: Վարդան Օսկանյանն ասել է, որ Երեւանին չի բավարարում այն իրավիճակը, երբ Անկարան շահարկում է հանդիպումների անցկացման փաստը` ձգտելով միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել իրական երկխոսության առկայության մասին: «Մինչեւ համոզված չլինենք, որ հանդիպումները կարող են իրական արդյունքների բերել, մենք անիմաստ ենք համարելու դրանք», - ասել է Վարդան Օսկանյանը: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ նախորդ շաբաթ Բրյուսելում քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների հարցերը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենի հետ: Օսկանյանի խոսքերով, ԵՄ-ն կասկածի տակ չի առնում այն չափանիշը, որի համաձայն Եվրոպական Միությանն անդամակցելու հավակնող պետությունը պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարեւանների հետ: