10 մայիսի 2013 - 14:12 AMT
Արցախի և Հայաստանի նախագահները մասնակցել են մայիսի 9-ի եռատոնի տոնակատարությանը

Մայիսի 9-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ և Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:

Այնուհետև նախագահներն այցելել են Շուշի քաղաք, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Նրանք ներկա են գտնվել Շուշիում կերպարվեստի թանգարանի բացմանը: Նույն օրը Նախագահները մասնակցել են Ստեփանակերտում Արցախի ազատամարտիկների միության նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ այն նոր լիցք կհաղորդի միության գործունեությանը, մեծապես կնպաստի աշխատանքների հաջող և արդյունավետ կազմակերպմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանություններն այսուհետ էլ շարունակելու են իրականացնել լայնածավալ ծրագրեր` ուղղված ազատամարտիկների սոցիալ-կենցաղային և բնակարանային պայմանների բարելավմանը, Պաշտպանության բանակի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, նրա ռազմական հզորության աճին:

Տոնական միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Աղգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: