11 մայիսի 2013 - 10:24 AMT
Այս տարի 5-րդ անգամ մեկնարկեց ԲարՔեմփ Երևանը

Այսօր մեկնարկեց արդեն ամենամյան դարձած ԲարՔեմփը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստները այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել` մասնակցելով ԲարՔեմփի հատուկ հյուրերի կողմից վարվող վարպետության դասընթացների, ելույթ ունենալ` կիսվելով սեփական փորձով հատուկ այդ նպատակով տրամադրվող լսարաններում, քննարկել համացանցային տեխնոլոգիաները, ծրագրավորման կիրառական խնդիրները, ճարտարագիտական նորարար լուծումներն ու սոցիալական մեդիայի վերջին զարգացումները տարածաշրջանում և աշխարհում։

Այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիա Քինթասը: Հատուկ Բարքեմփին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև ճգնաժամային քարտեզագրության և սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպես նաև ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների և վիզուալիզացիայի մասնագետներ Ֆիլիպ Կացը և Միխայիլ Դունաևը: Հյուրերը դասախոսություններ կկարդան և վարպետության դասընթացներ կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում և ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: ԲարՔեմփի օրակարգը ձևավորվում է միայն միջոցառման բացումից հետո, երբ մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։ ԲարՔեմփ Երևանն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: