16 դեկտեմբերի 2005 - 18:24 AMT
Վ.Օսկանյանը կոչ է արել ՅՈԻՆԵՍԿՕ-ին կասեցնել հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանում
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր նամակ է հղել ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիցուրա Մաացուրային, ադրբեջանցիների կողմից Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան հայկական միջնադարյան հուշարձանների ավերածությունների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նամակն ուղղվել է նաեւ միջազգային այլ ատյանների: Վ.Օսկանյանի նամակում մասնավորապես ասվում է. ««Հարգելի Գլխավոր տնօրեն, Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մշակութային եւ քաղաքական մեծ կարեւորության մի գործի վրա: Այս պահին հսկա մուրճերով եւ ծանր տեխնիկայով զինված ադրբեջանական զինծառայողներ ջարդուփշուր են անում միջնադարյան հայկական գերեզմանատան պատմական հուժարձաններ, տապանաքարեր եւ խաչքարեր: Հայաստանի եւ Իրանի միջեւ գտնվող այդ տարածքը սերունդներ ի վեր բնակեցված էր հայերով: Նշված գերեզմանատանն ավելի քան 10.000 ձեռակերտ տապանաքար եւ խաչքար կար: Ադրբեջանական կառավարությունը XX դարում սկսեց դրանց ոչնչացումը, նոր թափով շարունակեց 2002թ. եւ այս վերջին երեք օրվա ընթացքում վրեժխնդրությամբ վերսկսեց իր փորձերը` լիովին ոչնչացնելու հայկականության ու հայության հետքերը այդ հողերի վրա:

Բռնության եւ վանդալիզմի այս գործողությունները, անհանդուրժողականության եւ դաժանության ցուցադրումը արվում է այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը կոչ է անում խնամքով պահպանել մարդկության մշակութային ժառանգությունը: Պարոն Գլխավոր տնօրեն, զայրույթի խոր զգացումով եւ ափսոսանքով եմ գրում այս նամակը: Այնուամենայնիվ ես դա անում եմ հուսալով, որ միջազգային հանրության ցասումն ու դատապարտումը կդրդի Ադրբեջանին, որպեսզի նա դադարի իրականացնել էթնիկական զտման հավասարազոր,- այս անգամ երբ մարդիկ չկան,- մարդկանց հիշողության ոչնչացման գործողությունները: Կոչ եմ անում օգտագործել ձեր բարձր դիրքը կասեցնելու համընդհանուր մշակութային ժառանգության ոչնչացումը»: