11 մայիսի 2013 - 17:22 AMT
Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 18-ի

Թուրքիայի Հաթայ գավառի Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 18-ի: Ավելի վաղ հայտարարվել էր 4 զոհի և 22 վիրավորի մասին:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ 2 ականապատ մեքենաներ են պայթել քաղաքապետարանի հարևանությամբ: Այս մասին հաղորդում է NTV-ն: Ըստ աղբյուրի՝ զոհերից 14 թուրքեր են:

Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ փլատակներում կարող են էլի մարդիկ լինել: Ռեյհանլի քաղաք են ուղարկվել 2 փրկարար ինքնաթիռ և մի քանի ուղղաթիռ:

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարարԱհմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ տեղի ունեցածը կարող էր սադրանք լինել:

«Դրսում տեղի ունեցող խառնաշփոթն անդրադառնում է նաև Թուրքիայի վրա: Կան բազմաթիվ ուժեր, որոնք կուզեին խախտել մեր երկրի ներքին խաղաղությունը: Նախկինում ևս Թուրքիան նմանատիպ սադրանքների հետ է առնչվել, բայց մենք միշտ կարողացել ենք պայքարել դրանց դեմ»,- հայտարարել է Դավութօղլուն և Թուրքիայի քաղաքացիներին զգոնության կոչ է արել: