Հայաստանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ավիացիոն բազայի անձնակազմը շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ` ձմեռային ուսուցման շրջանում օդաչուական կազմն իրականացրել է մոտ 500 թռիչք:
Ընդ որում, ՄիԳ-29 կործանիչներն իրականացրել են ավելի քան 300 օդային ուսումնական մարտ, ինչպես անհատական, այնպես էլ` խմբակային պատրաստվածության շրջանակներում:
Ավելի քան 150 օդային մարտ անցկացվել է վատ տեսանելիության, 100-ից ոչ պակասը` գիշերն ու վատ եղանակային պայմաններում:
Նշենք, որ այս ավիացիոն բազան ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգում մարտական հերթապահություն է իրականացնում 1994թ.-ից` միջկառավարական համաձայնագրի հիման վրա: 1998թ.-ին ավիացիոն բազան զինվել է ՄիԳ 29 կործանիչներով: