20 դեկտեմբերի 2005 - 13:35 AMT
ԵԽԽՎ ենթակոմիտեի Ղարաբաղի խնդրին նվիրված նիստում բանակցությունների մանրամասներ չեն հրապարակվի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունները Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի շրջանակներում կարող են կրել լոկ արարողակարգային բնույթ, եւ ոչ մի տեղեկատվություն բանակցությունների ընթացքում քննարկվող հարեցրի մանրամասների մասին չի հրապարակվի: Այդ մասին դեկտեմբերի 19-ին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավար Արազ Ազիմովը` մեկնաբանելով համանախագահների առաջիկա մասնակցությունը հունվարի 9-ին Փարիզում կայանալիք ԵԽԽՎ ենթակոմիտեի նիստին: Ա.Ազիմովը նշեց, որ համանախագահների հնարավոր զեկույցները եւ ելույթները ԵԽԽՎ ենթակոմիտեում «չեն առանձնանա նորություններով եւ ուղղակի կհաստատեն բանակցային գործընթացի ընթացքը»: «Ադրբեջանն անհամբեր սպասում է ցանկացած նոր փաստաթղթի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ շրջանակներում: Սակայն բանակցային գործընթացը գաղտնի է»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը: Նշենք, որ 2006 թվականի հունվարի 9-ին Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ ենթակոմիտեի նիստը, որին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, կքննարկվի ԵԽ 1416 բանաձեւի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 5 պարագրաֆի կիրառումը: Այդ պարագրաֆում, մասնավորապես, ասվում է. «ԵԽԽՎ-ն դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից պետություններին հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը ակտիվացնելու խնդրանքով եւ հրավիրում է ԵԽԽՎ-ում նրանց ազգային պատվիրակություններին ամեն տարի հաղորդել այդ ուղղությամբ նրանց կառավարությունների կատարած գործողությունների մասին: Այդ նպատակով Վեհաժողովը խնդրում է, որպեսզի Բյուրոն ստեղծի ենթակոմիտե, որտեղ այլոց թվում իրենց մասնակցությունը կբերեն ազգային պատվիրակությունների ղեկավարները», հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: