14 մայիսի 2013 - 17:48 AMT
Վազգեն Բադալյան. Խավիեր Գալլոյի հետ մենամարտում Դարչինյանն ընտրել էր ճիշտ տակտիկական պլան

Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր սանը տպավորիչ հաղթանակ է տարել մեքսիկացի Խավիեր Գալլոյի նկատմամբ: Դարչինյանը մայիսի 11-ին 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի բռնցքամարտիկին:

«Այս մենամարտում Վիկը գործում էր արագ ու ընտրել էր ճիշտ տակտիկական պլան: Նա շատ թեթև էր աշխատում ռինգում, և մենամարտը շատ դիտարժան ստացվեց: Միայն 2-րդ ռաունդում նա մի փոքր նվազեցրեց արագությունը, սակայն կարողացավ շատ արագ հավաքվել»,-ասել է Բադալյանը:

Ըստ մարզչի, Դարչինյանին հաջողվել է ճիշտ օգտագործել ձեռքերը և խորամանկ հարվածներ հասցնել: Բադալյանը նշել է, որ բռնցքամարտիկն ամբողջ ուժով չէր գործում, սակայն նրա հարվածները ճշգրիտ էին ու տեղին:

Այժմ Դարչինյանը կաշխատի մենամարտ անցկացնել առաջին կիսաթեթև քաշում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիկտոր Տերասասի կամ էլ կիսաթեթև քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն Աբներ Մարեսի հետ, որին զիջել է 2010 թվականին: