15 մայիսի 2013 - 14:51 AMT
Գերմանական «Կլաս»-ը կարող է գյուղտեխնիկա իրացնել Հայաստանում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության Արևելյան Հանձնաժողովի պատվիրակության անդամներ «ԿԼԱՍ» ընկերության արտահանման գծով տարածաշրջանային փոխտնօրեն Ռայներ Թաուշերին, Գերմանական Բիզնես Ասոցիացիայի տնօրեն Պատրիկ Յունգին և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան քարտուղար Կոնստատնտին Ցելենտին, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

«Կլաս»-ը գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ Եվրոպայում հայտնի 100-ամյա ընկերություն է , և հյուրերի կողմից այցելության նպատակը վերջինիս արտադրանքը Հայաստանում իրացնելու հնարավորության ուսումնասիրությունն էր:

Նրանք նշեցին , որ ԱՊՀ տարածքում արդեն որոշակի հետաքրքրություն կա իրենց արտադրանքի նկատմամբ , և այս առումով իրենք կցանկանային համագործակցել նաև Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում էր նաև համագործակցությունը բուհական հաստատությունների հետ` գյուղատնտեսության համար որակյալ մասնագետների պատրաստման հարցերում օժանդակելու նկատառումներով:

Հյուրերի խնդրանքով համառոտ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանի թարմացումն այսօր խիստ արդիական է Հայաստանում, այս ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ, ուստի «Կլաս»-ի առաջարկը նույնպես հետաքրքիր է: «Այն կուսումնասիրվի և ձեռքբերման ու ներկրման ընդունելի պայմանների պարագայում հնարավոր կլինի սկիզբ դնել նոր համագործակցության»,- նշեց նախարարը, առաջարկելով սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն ընկերության արտադրանքի մասին: