16 մայիսի 2013 - 12:52 AMT
Դեսպան Սեյրանյանը «Հայաստանը և Եվրամիությունը» թեմայով դասախոսություն է կարդացել Մասարիկի համալսարանում

Մայիսի 14-ին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Բռնոյի` Չեխոսլովակիայի առաջին հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկի անունը կրող համալսարան՝ «Հայաստանը և Եվրամիությունը» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով: Չեխիայում հեղինակությամբ և մեծությամբ երկրորդը համարվող Մասարիկի համալսարանը հիմնադրվել է 1919թ. և ունի շուրջ 43,000 ուսանող, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպան Սեյրանյանը հեղինակավոր ԲՈՒՀ-ի ուսանողա-դասախոսական կազմի շուրջ իննսուն անդամներին հանգամանալից ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների ընթացքը, հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա փուլը: «Մեր օրակարգում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը: Այս գործընթացների իրագործման փուլում Չեխիան և Սլովակիան կարող են մեծ դերակատարում ունենալ», - նշեց հայ դիվանագետը: Նա նաև տեղեկացրեց, որ Ասոցացման համաձայնագիրն ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին փաստաթուղթը ծրագրվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին: