22 դեկտեմբերի 2005 - 16:21 AMT
Հայաստանը երախտագիտություն է հայտնում ԱՄՆ կառավարությանը տեւական աջակցության համար
Դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի Մարտահրավերներ» կորպորացիան հաստատել է Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության կրճատմանն ու տնտեսական զարգացմանը: Այդ մասին ասվում է համագործակցության ծրագրի հաստատման կապակցությաբ արված Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: «Հազարամյակի Մարտահրավերներ» կորպորացիայի որոշումը տրամադրել Հայաստանին այդ նպատակի համար 235.65 մլն ԱՄՆ դոլար, վերահաստատում է ամերիկյան կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման գործին: «Հայ ժողովրդի եւ ՀՀ կառավարության անունից մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող աջակցության եւ վստահության համար: «Հազարամյակի Մարտահրավերներ» ծրագրի իմաստն ու էությունը սատարելն է այն երկրներին, որոնք դրսեւորում են արդարացի կառավարում, մարդկային կապիտալում ներդրում կատարելու ու տնտեսական ազատությունը խրախուսելու հզոր մղում եւ հավատարմություն ժողովրդավարության սկզբունքներին: Այդուհանդերձ, մենք քաջ գիտակցում ենք, որ «Հազարամյակի Մարտահրավեր» կորպորացիայի որոշումը անշրջելի բնույթ չի կրում, եւ մենք անելիք ունենք դրանում շարունակական եւ ամբողջական ներգրավվածությունն ապահովելու համար: Լրջորեն հաշվի առնելով ՀՀ նախագահին ուղղված Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի նախագահ դեսպան Ջոն Դանիլովիչի նամակում հայտնած մտահոգությունները, ցանկանում ենք կրկնել մեր նվիրվածությունը այն հիմնարար սկզբունքներին, որոնք անհրաժեշտ են ՀՄԿ աջակցությունը ստանալու համար: Խորապես գիտակցելով, որ լուրջ անելիքներ ունենք Հայաստանում բարեփոխումների իրականացման առումով, մենք վճռական ենք արձագանքելու նամակում բերված բոլոր հարցերին: Այդ նպատակով մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների հետ», ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: