16 մայիսի 2013 - 16:39 AMT
Սերժ Սարգսյանը հանձնարարել է ԿԳ նախարարին կրկնապատկել ԵԳԱԾ-ի միջոցները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար և խորհրդատու մարմինների անդամների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը: Ծրագիրն ունի չորս հիմնական ուղղվածություն՝ երիտասարդ գիտնականներին միջազգային գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրում, երիտասարդ գիտնականների գիտաժողովների, սիմպոզիումների, դպրոցների, սեմինարների կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, մրցանակաբաշխության կազմակերպում:

Այսօրվա հանդիպմանը ԵԳԱԾ պատասխանատուները Հանրապետության նախագահին ներկայացրել են 2012թ. հուլիս - 2013թ. ապրիլ ժամանակահատվածում ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները, խոսել ընթացիկ աշխատանքների և հետագա ծրագրերի մասին: Ընդգծելով, որ ծրագրի օգտակարությունն անվիճելի է, նախագահն առաջարկել է երիտասարդ գիտնականներին հետագայի համար մշակել նաև ծրագրի դինամիկան և արդյունավետությունը գնահատող համակարգ: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օժանդակությունը ԵԳԱԾ-ին և հաջորդ՝ 2013 թվականի համար կրկին հատկացնել 100 մլն դրամ:

Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ 2013թ. պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:

Երիտասարդ գիտնականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին իրենց խնդիրների նկատմամբ ուշադրության և օժանդակության համար՝ խոստանալով տարեցտարի ավելացնել ծրագրերը, դրանց արդյունավետությունն ու շահառուների քանակը, հայտնում են նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: