16 մայիսի 2013 - 19:34 AMT
Առողջապահության նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Նրանք արձանագրել են, որ նկատելի առաջընթաց կա գնումների կազմակերպման գործում, բավական աշխատանք է տարվել մարզային հիվանդանոցների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև մարզային հիվանդանոցներում աուդիտներ անցկացնելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Համաշխարհային բանկի վարկային ընթացիկ ծրագրերի իրականացումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է գոհացուցիչ, որն ավելին է, քան նախորդ գնահատականը:

Անդրադարձ է եղել ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերի առանձին բաղադրիչների մանրամասներին։ Քննարկվել են մարզերում մասնագետների պակասի, հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի, առանձին ծրագրերում պետության մասնակցության, մարզային տարբեր ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների օրինակելի մոդել ունենալու և այլ հարցեր։