19 մայիսի 2013 - 02:27 AMT
«Եվրատեսիլ-2013»-ն ավարտվեց․ Առաջին տեղում է Դանիան, Dorians-ը՝ 18-րդն է

Այսօր՝ մայիսի 18-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում ավարտվեց 57-րդ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դանիան` հավաքելով 281 միավոր։ Եզրափակիչին մասնակցում էր 26 երկիր․ Հայաստանը ներկայացնող Dorians խումբը, որը ելույթ ունեցավ 12-րդը, զբաղեցրեց 18–րդ հորիզոնականը։ Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ էր մրցույթին ներկայանում ռոք խմբով։

Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։

«Lonely planet» երգի երաժշտության համահեղինակը ռոք երաժշտության լեգենդ, բրիտանական Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանը:Եզրափակիչ փուլին մասնակցում էին նաև Հունգարիան, Վրաստանը, Ռումինիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Մալտան, Հունաստանը, Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Բելգիան, Նիդերլանդները, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան ու Գերմանիան։