20 մայիսի 2013 - 18:34 AMT
Բեյրութ-Երևան առաջին չվերթը տեղի կունենա հուլիսի 5-ին

«Լիբանանյան ավիաուղիները» վերսկսում են ուղիղ հաղորդակցությունը Բեյրութի և Երևանի միջև: «Լիբանանյան ավիաուղիների» բանակցությունները Հայաստանի համապատասխան մարմինների հետ վերջին փուլում են։ Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, առաջին չվերթը տեղի կունենա հուլիսի 5-ին:

Ուղիղ չվերթները Լիբանանի ու Հայաստանի միջև դադարեցվել էին «Արմավիայի» սնանկության պատճառով: Երևանից Բեյրութ կարելի էր հասնել Դուբայով:

«Կարծում եմ սա շատ կարևոր հանգամանք է։ Միջին Արևելքում ապրում են կազմակերպ հայկական համայնքներ։ Այս պահի դրությամբ բացի Արաբական Էիմրություններից մնացյալ երկրներից ուղղակի թռիչքներ չկան դեպի Երևան։

Հայրենամերձ հայկական գաղթօջախների և հայրենիքի միջև կապն ավելի աշխուժացնելու առումով ռազմավարական նշանակություն ունի Բեյրութ-Երևան թռիչքների իրականացումը։ Եվս մեկ դիտարժան կետ. Թուրքիան իր ներկայությունը տարածաշջրանում, ընդ որում Լիբանանում, ակտիվացրել է և դրա կարևորագույն միջոցներից մեկը Բեյրութից դեպի Թուրքիայի տարբեր քաղաքներ իրականցվող թռիչքներն են։ Մենք նաև այս նկատառումով պետք է աշխուժացնենք Երևանի հետ կապը»,-ասել է Շահան Քանդահարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին։