20 մայիսի 2013 - 20:19 AMT
Քարնեգի կորպորացիայի նախագահը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ամերիկահայ ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար ՀՀ նախագահի կողմից շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալ:

Հանձնելով ՀՀ նախագահի պարգևը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել Վարդան Գրեգորյանի գործունեությունը ամերիկյան հասարակական-կրթական ոլորտում և հայ համայնքի կյանքում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Վարդան Գրեգրոյանին շնորհված պետական պարգևը նրա նվաճումների, ավանդի և հայանպաստ գործունևթյան արժանի գնահատականն է:

Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ բազմաթիվ պարգևների և մեդալների շարքում այս մեկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իր անկախ և ինքնիշխան հայրենիքի պարգևն է. անկախ Հայաստանի, որին հայ ժողովուրդը կարողացավ հասնել մեծ զոհողությունների գնով և որի զարգացման համար բոլոր հայերը պետք է միասնական ջանքեր գործադրեն: Նա իր երախտագիտությունն է հայտնել նախագահին՝ իր գործունեության բարձր գնահատականի համար:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ: