22 մայիսի 2013 - 21:37 AMT
ՀՔԾ-ն պատասխանել է ՀԱԿ-ի` Տարոն Մարգարյանի վերաբերյալ հանցագործության հաղորդմանը

Հատուկ քննչական ծառայությունը պատասխանել է Հայ Ազգային Կոնգրեսի` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հանցագործության հաղորդմանը, որով ՀԱԿ-ը պահանջում էր պարզել քաղաքապետի ունեցվածքի օրինականությունը և պատասխանատվության ենթարկել նրան:

«Մենք ստացել ենք իրավական առումով անհասկանալի պատասխան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը և նշեց, որ մանրամասները կհայտնեն վաղը:

Տարածված տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն հրաժարվել է քննության առնել ՀԱԿ ներկայացրած հաղորդումը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ՀՀ գլխավոր դատախազություն ապրիլի 30-ին ներկայացրել էր «հանցագործության կատարման մասին» հաղորդում, որով խնդրում էր պարզել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ավագանու ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հաղորդումը մայիսի 2-ին ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար: