12 հունվարի 2006 - 15:47 AMT
Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների այս փուլում չի քննարկվում, հայտարարում են Բաքվում
«Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի քննարկվում»,-հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թագիզադեն, իր վերաբերմունքն արտահայտելով անգլիական ,Janes Information Groupե ընկերության տարածած այն հաղորդագրության հանդեպ, որի համաձայն Ադրբեջանը հավանություն է տալիս Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման գաղափարին: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը կքննարկվի բանակցությունների երկրորդ փուլում: «Այս փուլում քննարկվում են մեր հողերը ազատելու, զորքերը դուրս բերելու, տարածքները ականազերծելու, հայրենի հող բնակչությանը վերադարձնելու, քանդված հաղորդակցությունները վերականգնելու եւ այլ հարցեր: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է քննարկվել ողջ տարածաշրջանի էթնիկ կազմի վերականգնումից հետո` մինչհակամարտային ժամանակաշրջանի դրությամբ: Այժմ հանրաքվեի անցկացման հարցը չի քննարկվում: Ադրբեջանի սահմանդրությունը նախատեսում է հանրաքվեի անցկացում, որը պետք է համազգային դառնա, եւ որին պետք է մասնակցի երկրի ողջ բնակչությունը», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: