23 մայիսի 2013 - 19:42 AMT
Ակտիվիստները լքեցին ԱԺ- ն. Նրանք խոսելու հնարավորություն չեն ունեցել

Ինչպես արդեն հայտնել էինք, գազի սակագնի վերաբերյալ ԱԺ այսօրվա դռնփակ նիստին հնարավորություն ստացան մասնակցել նաև հանրային սեկտորի ներկայացուցիչներն ու լրագրողները, սակայն ներս մտած երեք ակտիվիստները (ինչպես պարզվեց հետո, 4-րդ մարդը ևս ներս չէր մտել, քանի որ չէր ունեցել անձը հաստատող փաստաթուղթ) դուրս եկան ԱԺ շենքից և լրագրողներին հայտնեցին, որ իրենց տեղավորել են լրագրողների համար նախատեսված վայրում, ապակիներից այն կողմ, և իրենք հնարավորություն չեն ունեցել ոչ մասնակցելու նիստին և ոչ էլ հարցեր ուղղելու:

Ակտիվիստ Մերի Խաչատրյանը ,Կարեն Վարդանյանը և Արամ Գրիգորյանը լրագրողներին հայտնեցին, որ ներս մտնելուց հետո իրենք դրսում սպասողներին տեղեկացրել են, որ հարց տալու և խոսելու հնարավորություն չունեն, որից հետո իրենց դրսից խնդրել են չմասնակցել նիստին և դուրս գալ:

«Ես հարգում եմ հանրության կարծիքը: Մեզ ասացին քննարկում է լինելու, բայց դա քննարկում չէր ԱԺ հասարականության հետ կապերի բաժնի աշխատակիցը թյուր տեղեկատվություն է տրամադրել: Դա իրականում քննարկում չէր, դա նիստ էր, որին մենք խոսելու հնարավորություն չունեինք»,-ասաց Մերի Խաչատրյանը:

Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված են գազի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիները: Նշենք, որ այս անգամ ևս ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված են «ՀայՌուսգազարդ+ՀՀԿ= գենոցիդ», «Գազի գինը բարձրացնում եք, հարկերը չենք վճարի» գրություններով: