24 մայիսի 2013 - 10:11 AMT
Պողոսյանը և Գարիբաշվիլին քննարկել են փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը, որը գլխավորում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլու հետ հանդիպման ժամանակ Հունան Պողոսյանը փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքները և հրավերը` կարևորել է երկու հարևան երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությունը:

Հունան Պողոսյանը և Իրակլի Գարիբաշվիլին քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու գերատեսչությունների համագործակցության առավել ճկուն ձևեր կիրառելու և փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները` նշելով, որ ընդգրկուն համագործակցության շնորհիվ առավել դյուրին կդառնա հանցաշխարհի մարտահրավերներին դիմագրավելը: