Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին այցելել է Մարտակերտի շրջան: Նախագահ Սահակյանը ներկա է գտնվել հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական փուլին:
Զորավարժությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության պատշաճ մակարդակի պահպանումը և նրա հետևողական բարձրացումը հանդիսանում է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորը Արցախի անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ:
Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված քաղաքի ջրամատակարարման համակարգի կապիտալ վերանորոգման ընթացքին վերաբերվող հարցերին:
Գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Բակո Սահակյանը նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներն իրականացնել բարձր որակով և նախատեսված ժամկետներում՝ հավելելով, որ գործընթացը գտնվելու է իր անմիջական հսկողության ներքո, հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: