
Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել քննարկումներ ստորաբաժանումների և կազմակերպությունների ղեկավարների 2012թ. կատարած աշխատանքների մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկման մասնակիցներին հանձնարարվել է 2013թ. ուշադրություն դարձնել ծրագրային ցուցանիշների կատարմանը՝ շտկելով 2012թ. տեղ գտած բացթողումները: Արամ Հարությունյանը հանձնարարել է բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ռեսուրսների մոբիլիզացման միջոցով դիտարկել աշխատավարձերի բարձրացման հնարավորությունները: Նախարար Հարությունյանը նշել է, որ անհրաժեշտ է առավել մեծ տեղ հատկացնել աշխատանքների թափանցիկությանը և դրանց պատշաճ իրազեկմանը:
Բնապահպանության նախարարը հանձնարարել է, որպեսզի ստորաբաժանումներում տարվող գիտական աշխատանքները ծրագրային բնույթ կրեն, ինչպես նաև ապահովել սերտ համագործակցություն նախարարության ստորաբաժանումների ու կազմակերպությունների միջև՝ բնապահպանական խնդիրների լուծման գործում և զարգացնել էլեկտրոնային համակարգի կիրառումը: