Ըստ ամփոփված արդյունքների, մայիսին հանրապետությունում աննախադեպ կարկտահարության հետևանքով տուժել է մոտ 12 հազար ընտանիք, մայիսի 27-ին մամլո ասուլիսում հայտարարել է «Բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամի» նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանը: Նա ասել է, որ կարկուտից տուժած շուրջ 60 հազար գյուղացիներ մի կտոր հացի կարիք ունեն: Ըստ նրա, վնասը կազմել է մոտ 25 մլրդ դրամ:
Ալեքսանդր Պետրոսյանը նշել է, որ պետությունն այժմ նման գումարներ չունի, լիովին վնասը հատուցելու համար, իսկ կառավարության ձեռնարկած քայլերն ուղղված են հետագայում գյուղացիների ծախսերը փակելուն, մինչդեռ գյուղացիները հենց այսօր ունեն ֆինանսական օգնության կարիք:
Պատգամավորը հորդորել է պետական և ոչ պետական կառույցներին, Սփյուռքին, դոնոր կազմակերպություններին, քաղաքացիներին օգնել տուժած ընտանիքներին: Նա հիշեցրել է, որ առաջինն արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներն ի դեմս վարչապետի, ԿԲ կազմը առևտրային բանկերի հետ միասին, այլ կառույցներ:
«Բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամի» նախագահն ասել է, որ իր գլխավորած կառույցը կաշխատի մինչև օգոստոսի 1-ը, որից հետո ստեղծված հատուկ հանձնաժողովը կզբաղվի միջոցների բաշխմամբ:
Կարկտահարությունից տուժածներին կարելի է օգնել՝ ֆինանսական միջոցներ փոխանցելով Կոնվերսբանկի հետևյալ հաշվեհամարներին՝
1930047127690100 դրամով,
1930047127690101 դոլարով,
1930047127690104 եվրոյով: