27 մայիսի 2013 - 21:30 AMT
Գարեգին Բ. Չեխիայի հայ համայնքը դրական ներդրում կունենա երկրի զարգացման գործում

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի ուղեկցությամբ: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հանդիպման սկզբում ՀՀ մշակույթի փոխնախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարությունների միջև 2010 թ.-ին ստորագրված համաձայանագրի գործնական արդյունքներն ու ներկայում ձեռնարկվող համատեղ ծրագրերը:

Ողջունելով Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի այցը Հայաստան` Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ մշակույթի նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը դրական արդյունքներ կարձանագրի: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրների հարաբերությունները թե քաղաքական և թե մշակութային ոլորտներում ընդարձակվում և առավել լայն ընդգրկում են ստանում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Չեխիայի հայկական համայնքին: Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիկին Ալենա Հանակովայի, իր շնորհակալությունն է հայտնել Չեխիայի իշխանություններին` հայերի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ նորակազմ հայկական համայնքն իր դրական ներդրումը պիտի բերի Չեխիայի հասարակական և մշակութային կյանքի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջմշակութային շփումների ու փորձի փոխանակման անհրաժեշտությանը, հասարակական կյանքում քրիստոնեական հավատի ու արժեքների կարևոր դերակատարությանը, եկեղեցի-պետություն հարաբերություններին: