27 մայիսի 2013 - 21:48 AMT
ԼՂՀ նախագահ. Առաջին Հանրապետության դասերը պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը:

Ստեղծվելով պատմական բարդ ու դժվարին պայմաններում` Հայաստանի Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել մի կարճ ժամանակահատված: Այդուհանդերձ, այն կարողացավ իր կարևոր դերակատարությունն ունենալ հազարամյակների քաղաքակրթություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդի պատմության մեջ` յուրօրինակ կամուրջ հանդիսանալով նրա անցյալի, ներկայի ու ապագայի միջև:

Առաջին Հանրապետության դասերը միշտ պետք է ուղեկցեն մեզ և գալիք սերունդներին, որպեսզի աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ազգային արժեքներն ու ավանդույթները, գնահատենք ու բազմապատկենք ձեռքբերումներն ու հաղթանակները, այն ամենը, ինչին մեր ժողովուրդը հասել է բազմադարյա պատմության ընթացքում, հասել է իր տոկունության ու իմաստնության, տաղանդի ու սխրագործության, Հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր հերոսական ժողովրդին, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին և մաղթում նոր հաջողություններ ու հաղթանակներ` հայոց անկախ պետականության ամրապնդման ու զորացման ճանապարհին», - նշված է ուղերձում: