28 մայիսի 2013 - 12:17 AMT
Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին կտեղադրվի Ռ. Իսրայելյանի կիսատ մնացած մտահղացումը՝ արծիվը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 27-ին այցելել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ՝ մասնակցելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:

Տարոն Մարգարյանը նախ ծաղիկներ է դրել հայ ժողովրդի նորօրյա պայքարում՝ Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների հուշարձանին, այնուհետև այցելել Գևորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։

Թանգարանի շենքի հետ կապված հեղինակի՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կիսատ մնացած մտահղացումը՝ թռիչքի պատրաստ թևատարած արծիվը շուտով իր տեղը կգտնի թանգարանի աշտարակին: Աշնակում նաև համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: