28 մայիսի 2013 - 13:37 AMT
Բնապահպաններին թույլ չեն տվել այցելել «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման տարածք

Այսօր՝ առավոտյան, «Կանաչ Ջոկատ»-ի անդամները այցելել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ և միասին այցելելու «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման տարածք: Գյուղացիները բնապահպաններին պատմել են, որ իրականում իրենց ճնշել և վախեցրել են, որպեսզի նրանք չհամարձակվեն ընդվզել ՀԷԿ-ի կառուցման դեմ:

«Մենք հանդիպեցինք և զրուցեցինք գյուղացիների հետ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց մոբիլիզացվել: Հավաքվում էինք, որպեսզի միասին բարձրանանք ՀԷԿ-ի կառուցման տարածք: Այդ ընթացքում 4-5 հոգի հայտնվեցին և սկսեցին գյուղացիների անունից խոսել, դրանք ամենայն հավանականության ՀԷԿ-ը կառուցող «ՄեգաԷներջի» ընկերության աշխատողներն էին կամ Հանրապետական կուսակցության աշխատողներ»,- տեղեկացնում է Եղիա Ներսեսյանը և հայտնում , որ վերջիններս սկսել են վիճել ակտիվիստների հետ` փակելով նրանց ճանապարհը:

Բնապահպանները տեղեկացնում են, որ պայքարը շարունակվում է և իրենք փորձում են շարունակել ճանապարհը: Նշենք, որ դեռ այս տարվա հունվարին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Բնապահպաններն իրավապահներից պահանջում են քննել գործը, քանի որ կառուցապատողը մի շարք օրենքներ է խախտել: