28 մայիսի 2013 - 16:59 AMT
Կաթողիկոս. Հանրապետության տոնը միասնության և համախմբումի խորհուրդ ունի

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:

Կաթողիկոսի ուղերձում, մանսավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի և հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի: Հանրապետության տոնը քաջալերության, միասնության և համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ և զորացնի մեր ժողովրդին` ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը և իրագործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը:

Այսօր, ինչպես մայիսյան հերոսամարտի օրերին, մեր սրտերում թող հնչեն հայոց եկեղեցիների զանգերը` կոչելով ամենքիս աստվածպաշտության, հայրենանվեր ծառայության, եղբայրասիրությամբ ազնիվ ու քաջարի գործերի:

Փրկչի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթում ենք, որ Աստված խաղաղության մեջ պահի Հայոց մեր երկիրը և իր առատ շնորհներով բարեզարդի հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակների կյանքը այսօր և հավիտյան»: