28 մայիսի 2013 - 23:41 AMT
Արքայազն Չարլզին Մատենադարանում նվիրեցին Նարեկացու արծաթապատ «Մատեան Ողբերգութեան»-ը

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնն Երևան իր մասնավոր այցը սկսել է Մատենադարանից՝ ուր նրան ուղեկցել է «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։ Այնտեղ նրանց դիմավորել է տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Արքայազնը ծանոթացել է Մատենադարանի բացառիկ հավաքածուի կարևորագույն նմուշներին, այդ թվում՝ 13-րդ դարի Աստվածաշնչին: Մատենադարանի կողմից արքայազնին որպես նվեր մատուցվել է Գրիգոր Նարեկացու արծաթապատ «Մատեան Ողբերգութեան»-ը, հայտնում են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Արմեն Սարգսյանն արքայազնին է ներկայացրել «Երևան, իմ սեր» ծրագիրը, որը Շոտլանդիայում գործող «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին նմանություն ունի։ Ի դեպ, շոտլանդական ծրագրին Ուելսի արքայազնն աջակցում է անձամբ: Արմեն Սարգսյանը նշել է, որ Ուելսի արքայազնի օրինակը ոգեշնչել է իրեն աշխատելու Երևանի պատմական վայրերի պահպանման և վերկանգնման ուղղությամբ:

Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն իր հերթին ներկայացրել է 150 միլիոն դոլար արժողությամբ ծրագրի մանրամասները: Վարդանյանն ու նրա կինը ներկայացրել են Դիլիջանի դպրոցում արքայազնի պատվին 65 ծառ տնկելու նախաձեռնությունը:

Ինչպես նշել է Սարգսյանը, իր երազանքներից մեկն է տեսնել Դիլիջանի դպրոցի աշակերտներին որպես «Դամֆրիների տուն» ծրագրի կրթական բաղկացուցիչի մասնակից, ինչպես նաև «Երևան, իմ սեր» ծրագրի, Դիլիջանի միջազգային դպրոցի և շոտլանդական ծրագրի միջև ձևավորված համագործակցությունը:

Բնատեսարանի ճարտարապետ լորդ Ռենդլ Սիդդելին ներկայացրել է Հայ այգի հիմնադրելու գաղափարը:

«Երևան, իմ սեր» ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանի Կոնդ համայնքում` Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն: