29 մայիսի 2013 - 12:29 AMT
ԿԲ. Հարկաբյուջետային քաղաքականությունը 2012-ին եղել է հավասարակշռված

Ազգային ժողովում «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը:

ԿԲ նախագահի բնորոշմամբ՝ ՀՀ տնտեսության վերականգնաման աճի տեմպերը դրսևորվեցին նաև 2012-ին՝ ապահովելով տնտեսության աճի 7,2%: «Տնտեսական աճի ձևավորման բարձր մակարդակին նպաստել է վարկերի ծավալների աճը, որը կազմել է շուրջ 30%: ՀՀ մակրոտնտեսական միջավայրի 2012-ի հիմնական զարգացումները պայմանավորված են համաշխարհային տնտեսության դանդաղ վերականգնմամբ և մակրոտնտեսական կայունացման ապահովմանն ուղղված հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունների դրսևորմամբ»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը 2012-ին եղել է հավասարակշռված և ուղղված է եղել տնտեսության ակտիվության վերականգնմանը, նպաստել է մակրոտնտեսության կայունացմանը: