29 մայիսի 2013 - 18:58 AMT
Բ.Սոժե. Գիտեմ, որ Ադրբեջանում կան գազի և նավթի խորոշ պաշարներ, սակայն ԼՂՀ միջազգային ճանաչումը կգա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քսան տարուց ի վեր լուրջ առաջընթաց չեն արձանագրել: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Սենատի անդամ Բեռնար Սոժեն: Նա նշեց, որ հարցի լուծման համար քաղաքական կամք է հարկավոր, որը պետք է դրսևորեն ոչ միայն հակամարտության կողմերը, այլև միջազգային ամենաբարձր օղակները: «Ես միամիտ չեմ և գիտեմ, որ Ադրբեջանում կան գազի և նավթի խորոշ պաշարներ: Սակայն հարկավոր է, որ բոլոր մակարդակներում կարողանանք միջազգային հանրության ամենազդեցիկ ղեկավարներին համոզել: Դա ժամանակատար գործընթաց է: Ես կառաջարկեի տարբերակել խաղաղության պահպանումը և ճանաչման գործընթացը: Կարծում եմ ԼՂՀ-ի համար ավելի կարևոր է խաղաղության պահպանումը: Միջազգային ճանաչումը կգա, բայց դանդաղ տեմպերով»,- ասաց սենատորը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում արդյունքի հասնել, երբ այդ բանակցություններին չի մասնակցում ԼՂՀ-ն, Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը պատասխանեց. «Արցախն ի սկազաբեն մասնակցել է և նախատեսված է եղել, որ պետք է մասնակցի այդ բանակցություններին: Շատ դժվար է պատկերացնել, թե ինչու են հանդիպումներ տեղի ունենում մի հարցի շուրջ, մի ամբողջական միավորի շուրջ, որը բացակա է բանակցային սեղանից»:

Սենատոր Անրի դը Ռենկուրն իր հերթին նկատեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների նախագահները վերջին շրջանում բազմիցս հայտարարություններ են ընդունել, որտեղ ամեն անգամ կրկնել են, որ արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ պայմաններում, առանց ուժի կիրառման և դրա սպառնալիքի, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության հիման վրա: «Ազգերի ինքնորոշման սկզբունքը Ֆրանսիայի համար հիմնարար է և գերակա, ես թույլ կտամ ավելացնել ևս մեկ սկզբունք, դա տարածաշրջանի ժողովուրդների անվտանոգթյան սզկբուքն է, որ բոլորը անվտանգ ապրեն իրենց հողում: Այս առումով կարծես բոլոր միջազգային գործիքները տեղում են, որ բավարար քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդրի լուծումն առաջընթաց ապրի՝ հաշվի առնելով բոլոր կողմերի տեսակնետները և լուծումը այնպես լինի, որ բոլոր ժողովուրդները շարունակեն ապրել այս տարածաշրջանում անվտանգ»,- ասաց սենատորը: Նա նաև նկատեց, որ Արցախում անկախության հանրաքվե անցկացվել է և ժողովուրդը իր կարծիքը դրա միջոցով արտահայտել է:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայ հայտարարություններին և հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուն, Ֆրանսուա Ռոշբլուանը հայտարարեց. «Ես ականատես եմ եղել եվրոպական մի քանի կառույցներում ինչպես է մեղադրանքներ հղվել Ադրբեջանի նախագահի հասցեին: Այդ մեղանդրանքերը նաև Մինսկի խմբում են հնչել: Մի բան է հրեշավոր ոճրագործություն կատարելը, այլ բան դա հերոսացնելը: Դա երկրորդ ոճրագործությունն է: Վստահ եմ, որ խիստ մեղադրանքներ են հնչեցվել միջազգային հանրության կողմից»: