29 մայիսի 2013 - 21:23 AMT
Արքայազն Չարլզն ու հայ բնապահպանները. Օր երկրորդ

Հայաստանում գտնվող Ուելսի արքայազն Չարլզի պատվին այսօր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգ է կազմակերպվել: Ինչպես երեկ՝ Մատենադարանի դիմաց, այսօր էլ, բնապահպանները «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» պաստառներով եկել են Օպերայի մոտ և սպասում էին արքայազնի ժամանելուն: Նրանք արքայազնից պահանջում են հեռու մնալ հայկական հանքերից և պնդում են, որ նա Հայաստան է եկել հանք գնելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ բնապահպանները արքայազնին չտեսան: Նա Մատենադարան մտավ և այն լքեց հետնամուտքից: Նշենք, որ արքայազն Չարլզը Հայաստան է ժամանել երեկ, նա այսօր հանդիպել է նախագահին ու կաթողիկոսին: