19 հունվարի 2006 - 13:26 AMT
Ադրբեջանցի պատգամավորներին չի հաջողվել «ղարաբաղյան խմբակցություն» ստեղծել ԱՀ խորհրդարանում
Ադրբեջանի միլի մեջլիսում «ղարաբաղյան խմբակցության» ստեղծմանն ուղղված ջանքերը անարդյունք մնացին: Այդ մասին հայտարարել է պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Նրա խոսքերով, «ղարաբաղյան խմբակցություն» ստեղծելու առաջարկին կողմ եղան ընդամենը 18 պատգամավոր, իսկ մյուսները հրաժարվեցին տարբեր պատրվակներով: Ըստ Ֆ.Գազանֆարօղլուի, նա նաեւ հանդես է եկել ղարաբաղյան հանձնաժողով ստեղծելու առաջարկով. «Պատգամավորները այս առաջարկներից եւ ոչ մեկին հավանություն չեն տվել: Այս առաջարկին սառը վերաբերվեցին նույնիսկ ծագումով ղարաբաղցի պատգամավորները: Նրանց կարծիքով, միլի մեջլիսում «ղարաբաղյան խմբակցություն» ստեղծելու անհրաժեշտություն չկա: Բոլոր հարցերով զբաղվում է կառավարությունը»: Ֆ.Գազանֆարօղլուն նշեց, որ արձակուրդից հետո առաջին իսկ նիստում կրկին կբարձրացնի այդ հարցը խորհրդարանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: