30 մայիսի 2013 - 14:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արքայազն Չարլզն այսօր ծանոթացավ Հայ եկեղեցու հոգևոր և մշակութային արժեքներին

Այսօր Ուելսի արքայազն Չարլզը, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Տաճարում արքայազնին ողջունեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն արքայազնին ներկայացրեց Հայոց եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում և կարևոր դերակատարությունը ազգային ինքնության պահպանման, անկախ պետականության վերականգնման գործում: Նորին Սրբությունը նաև անդրադարձավ միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես ներկայացնելով Հայ և Անգլիական եկեղեցիների միջև առկա համագործակցությունը: Այնուհետև Ամենայն Հայոց կաթողիկոսը և արքայազն Չարլզն այցելեցին Մայր Տաճարի ավանդատուն-թանգարան, ուր Ուելսի արքայազնը ծանոթացավ Հայ եկեղեցու կողմից պահպանվող հոգևոր և մշակութային արժեքներին:

Վեհափառ Հայրապետը և Ուելսի արքայազնը միասին շրջեցին նաև Մայր Աթոռի տարածքում, այցելեցին Սբ. Վարդան և Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարան: Շրջայցի ընթացքում արքայազնին ներկայացվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գործունեությունը:

Ուելսի արքայազն Չարլզը եղավ նաև «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր ի պատիվ արքայազնի տեղի ունեցավ ընդունելություն, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանները, Արմեն Սարգսյանը, տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանները: Հայաստան այցի ընթացքում արքայազն Չարլզն եղավ նաև մի շարք սրբավայրերում` Խոր Վիրապի վանքում, Ս. Գեղարդավանքում և Ս. Հռիփսիմե վանքում:

ՖՈՏՈՇԱՐՔ