31 մայիսի 2013 - 12:17 AMT
ԱԳ նախարար. Մենք երբևէ չենք խնդրում, որ ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն ՀՀ դիրքորոշմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի երվրոպական այլ կառույցները միջազգային մանդատ չունեն, որպեսզի միջնորդական առաքելություն իրականացնեն կամ բանակցություններ վարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Այսօր Երևանում ընթացող ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ-ի և եվրոպական այլ կառույցների կողմից գործադրվող ջանքերի համար, որոնք փորձում են սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողների ջանքերին, որպեսզի հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ եղանակով, համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

«Մենք ունենք երեք համանախագահների ձևաչափ, որը շատ արդյունավետ է ու կարևոր: Երեք երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Այդ երկրների նախագահների մակարդակով ընդունվել է չորս հռչակագիր: Ես որպես ՀՀ ԱԳ նախարար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հայտարարություններից հետո մենք ասել ենք, որ ողջունում ենք դրանք և պատրաստ ենք գնալու կարգավորման այդ հայտարարությունների հիման վրա»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ Հայաստանը երբևէ չի պահանջում, խնդրում իր գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից, որպեսզի ընդդեմ Ադրբեջանի դիրքորոշման սատարեն Հայաստանի դիրքորոշմանը: «Մենք նույն մոտեցումը պետք է տեսնենք Ադրբեջանի կողմից, շատ լավ առիթ կունենանք, որ գնանք դեպի ԼՂ հակամարտության կարգավորում»,-ասաց նախարարը: