31 մայիսի 2013 - 18:13 AMT
ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սենատորները միաձայն քվեարկել են թիվ 151 բանաձևի օգտին, որը ներկայացրել է սենատոր Մյուրեյը: Բանաձևում ասվում է, որ ԼՂՀ-ն զարգանում է որպես ազատ ու ժողովրդավարական պետություն:

Սենատոր Մյուրեյը նաև պատմական տեղեկանք է ներկայացրել Արցախի մասին, որտեղ ասվում է, որ 1921թ. Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: 1988թ. փետրվարի 20-ին ժողովուրդը անկախության համար պայքար ծավալեց, որն ավարտվեց ինքնիշխան Արցախի հռչակմամբ:

Լուիզիանայի նահանգի Սենատը որոշեց ներկայացնել բանաձևն ԱՄՆ Կոնգրեսին և Սպիտակ տանը: «Մենք կոչ ենք անում նախագահին և Կոնգրեսին ճանաչել ԼՂՀ անկախությունն ու համակողմանի աջակցություն ցուցաբերել նրա զարգացմանն ու անվտանգության ապահովմանը»,-ասվում է փաստաթղթում: