23 հունվարի 2006 - 17:51 AMT
Թուրքիայում կարող է սկսվել C-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրություն
Թուրքական «Sabah» թերթն այսօր հաղորդել է, որ Ռուսաստանը առաջարկել է Թուրքիային կազմակերպել C-300 զենիթահրթիռային համակարգեր արտադրող համատեղ ձեռնարկություն: Առաջարկն, ըստ թերթի, արվել է օրերս Թուրքիայի զինվորական պատվիրակության` C-300 համակարգերի արտադրության գործարան այցի ժամանակ: Հակաօդային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու ծրագրի շրանակներում Թուրքիան նախատեսում է արտասահմանից ձեռք բերել օդային հարձակումից պաշտպանվելու միջոցներ: Քննարկվում է, մասնավորապես, ամերիկյան արտադրության «Patriot», ռուսական C-300 եւ ամերիկա-իսրայելական արտադրության Arrow-2 համակարգերի ձեռքբերման հարցը: Հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման շուրջ մրցույթի անցկացման եւ այդ նպատակներով բյուջետային գումարների հատկացման հարցերը քննարկվելու են փետրվարի 17-ին կայանալիք Թուրքիայի Ռազմական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստում, որը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: