3 հունիսի 2013 - 16:10 AMT
Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումը

Հունիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչին (նստավայրը՝ Աթենք)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ փոխարտգործնախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները առաջընթաց կարձանագրեն: Փոխարտգործնախարարը նաև հավելեց, որ Հայաստանը կարևորում է Խորվաթիայի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումը, ինչը բխում է մեր երկրների ու ժողովուրդների փոխադարձ շահերից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ստարչևիչը նշեց, որ հնարավոր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման և փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ամրապնդման, միջխորհրդարանական և առևտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, գիտակրթական, մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հարցերը: Անդրադարձ կատարվեց նաև Եվրամիության հետ փոխգործակցության հարցերին: