3 հունիսի 2013 - 16:35 AMT
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում». Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում են

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին հետապնդում են, իսկ նրա նրա քաղաքական համախոհներին՝ հալածում: Նման հայտարարություն է տարածել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը»:

«Մեր հայրենիքում սովորական երևույթ է դառնում մարդկանց ահաբեկումը նրանց հայրենանվեր գործունեության համար: Նման օրինակ է սույն թվականի ապրիլի 2-ին Հայրենիքի և իր գյուղի հոգսերով ապրող Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Հրաչ Մուրադյանը նաև Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից էր: Նրա սպանության մեղավորները մինչ օրս չեն բացահայտվել և անպատիժ են մնացել: Իսկ անպատժելիության այդ մթնոլորտը հարուցում է հանրության զայրույթը և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Իրավապահ մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել և պատժել այսպիսի հանցագործությունները, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրենց վրա: Ժիրայր Սէֆիլյանն այն քչերից մեկն է, որ Լիբանանից հայրենիքի կանչով եկավ ու մասնակցեց ազատամարտին` գլխավորելով Արցախի լեգենդար զորամասերից մեկը և փառքով ու պատվով պսակելով իր և իր ընկերների անունը: Ժիրայր Սէֆիլյանը եղել ու մնում է հայրենիքին և իր ժողովրդին նվիրված հայ զորավար:

Այս ամենից հետո մնում է ենթադրել, որ Ժիրայր Սէֆիլյանին սպառնացողները նպատակ են դրել ոչնչացնելու ազգային մտածողություն ունեցող և հայրենիքին նվիրված հայորդիներին»,-ասված է հայտարարության մեջ: «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարում է, որ նվիրյալ հայորդիներին ահաբեկողները կրակի հետ են խաղում. «Մենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր, պաշտպանել ենք և պաշտպանելու ենք մեր հայրենիքն ու մեր հրամանատարին»: