3 հունիսի 2013 - 18:02 AMT
Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի շինարարական աշխատանքները կսկսվեն նոյեմբերից

Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն հայտնի է մրցույթում հաղթող կազմակերպությունը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծողները խոստացել են, որ արդեն երկու ամսից կտան նախագծերը: «Ամենաուշը նոյեմբերից լայն թափով կսկվեն շինարարական աշխատանքները»,- ասաց նախարարը: Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ կենտրոնը լինելու է Արյունաբանության կենտրոնի տարածքում:

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տարածքում նախատեսվում է հիմնադրել ոսկրածուծի փոխպատվաստման նոր կենտրոն, որի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: Հիմնադրամն այս խնդրով 2011 թվականի նոյեմբերին դիմել էր ՀՀ կառավարությանը: