3 հունիսի 2013 - 20:53 AMT
Տարածքը մաքուր չպահելու համար Երևանում 64 տնտեսվարող ենթարկվել է պատասխանատվության

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում գործող ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումը բացառելու նպատակով ոստիկանության, ինչպես նաև համապատասխան այլ կառույցների հետ կազմակերպվել են համատեղ համալիր միջոցառումներ: Հանձնարարվել է աշխատանքները շարունակել և հարցը մշտական հսկողության տակ պահել:

Գյուղատնտեսական մթերքների առևտրի ակտիվացման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել շուկաներում սանիտարական նորմերի պահպանումն ու թերացումներ արձանագրելու դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ: Հանձնարարվել է նաև առաջարկություններ ներկայացնել գյուղմթերքների նոր շուկաների կազմակերպման վայրերի մասով:

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը փողոցների, մայթերի, այգիների և բակային տարածքների մաքրման աշխատանքների, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման նկատմամբ: Պարտավորությունները թերի կատարած 64 տնտեսվարող ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր վարչական շրջանում հայտարարել հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ և պարգևատրել լավագույն տնտեսվարողներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ ընթացող աշխատանքների որակի ապահովման նկատմամբ իրականացվում է մշատական հսկողություն: