4 հունիսի 2013 - 15:44 AMT
ՀՅԴ-ն առաջարկում է «Նաիրիտի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Այսօր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի` առաջարկվում է ստեղծել «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Համապատասխան նամակն արդեն ներկայացվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Ղեկավարավելով ՀՀ Սահմանադրության 73-րդ, ՀՀ օրենքի 22-րդ և 52-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը»: