4 հունիսի 2013 - 18:18 AMT
7 թե՞ 17 տոկոս գործազրկություն. Պատգամավորը նախարարին խնդրեց պարզաբանել՝ ինչո՞ւ են թվերը տարբեր

2012թ.-ի պետբյուջեի կատարողականի ժամանակ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե հանրապետությունում իրականում քանի գործազուրկ կա.

«Ինչո՞ւ է վիճվարչությունը երկու թիվ տալիս` 249 հազար, որ 17 տոկոս գործազրկություն է, իսկ տարեկան հաշվետվություններում վերլուծվում է 70-80 հազար գործազուրկ՝ նշելով 7 տոկոս գործազրկություն: Մի ուրիշ թիվ էլ է նշվում՝ մեկ այլ հարցման համաձայն անցյալ տարի 249 հազար էր գործզուրկների թիվը, երեք տարի առաջ 429 հազար: Ո՞րն է ճիշտ թիվը՝ 7 տոկոս, թե` 17 տոկոս գործազրկոևւթյուն»:

Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ վերջին մի քանի տարիներին ազգային վիճակագրական ծառայությունը դադարել է օգտագործել իրենց կողմից տրամադրվող գործազուրկների պաշտոնական թիվը: «Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ իրակացվում է տնային տնտեսությունների ամենամյա հետազոտություններ, դրա շրջանակներում հարցաթերթիկներ մեջ ներառված է նաև գործազրկության հետ կապված հարցը, դրանով են արձանագրում, որ գործազրկության մակարդակը 17% է: Ինչ վերաբերում է 7 տոկոսին, դա զբաղվածության պետական գործակալություն դիմած և հաշվառված աշխատանք փնտրողների թիվն է, որը կազմում է 70,2 հազար»,- պատասխանեց նախարարը: