25 հունվարի 2006 - 14:14 AMT
ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ ԵԱՀԿ նոր նախագահը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը այժմէական չի համարում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Այդ մասին Ա.Ղուկասյանը հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ հանդիպումից հետո: «Նման հարց օրակարգում չկա: Ենթադրվում է, որ եթե հակամարտող կողմերը համաձայնության գան, ապա չի բացառվում, որ նրանք կարող են դիմել խաղաղապահ ուժերին: Չեմ կարծում , որ այս կամ այն երկիրը կամ կազմակերպությունը կարող է պարտադրել մեզ այդ հարցը: Առանց մեր ցանկության ոչ ոք չի կարող պարտադրել մեզ խաղաղապահներ ընդունել: Ավելին, խաղաղապահների տեղակայմանը միշտ դեմ է եղել Ադրբեջանը»,-հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Ինչ վերաբերում է Կարել դե Գուխտի հետ հանդիպմանը, ապա Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարել է, որ ԵԱՀԿ նոր նախագահը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: «Կարել դե Գուխտը հուսով է, որ 2006 թվականի ընթացքում հնարավոր կլինի ստանալ հարցերի մեծ մասի պատասխանները: Ես ընդունում եւ հարգում եմ այդ լավատեսությունը, քանի որ շատ կարեւոր է, որ միջնորդը լավատես լինի: Այլ հարց է, թե կան արդյոք դրա համար հիմքեր»,-հայտարարել է Ա.Ղուկասյանը, հավելելով, որ ԵԱՀԿ ղեկավարը բավականին իրազեկ եւ տեղեկացված է, թեեւ նրան չի կարելի մասնագետ համարել Լեռնային Ղարաբղի գծով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: