6 հունիսի 2013 - 11:39 AMT
Սուրեն Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունըորոշում է ընդունել Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, երեկոյան, Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: